Ժպտացեք, ձեզ խաբում են

Մաթեմատիկական տրամաբանության հայր Բերտրան Ռասսելը դեռ 1952 թվականին առաջ է բերել այսպես կոչված «Ռասսելի թեյամանի» դրույթը.
Եթե ես հայտարարեի, որ Երկրի ու Մարսի միջև էլիպտիկ շրջագծով չինական թեյաման է թռչում, ոչ ոք չէր կարողանա ժխտել իմ պնդումը, եթե ես բավականաչափ զգույշ լինեի, որ ավելացնեի՝ թեյամանն այնքան փոքր է, որ ամենահզոր աստղադիտակներն էլ չեն կարողանա այն հայտնաբերել: Բայց եթե ես իսկապես դա ասեի, նման վարկածն անտանելի կլիներ մարդկային տրամաբանության համար, որն այն կասկածի կենթարկեր, ու մարդիկ ինձ արդարացիորեն կասեին, որ ես հիմարություն եմ ասում: Եթե, իհարկե, այդպիսի թեյամանի գոյությունը հաստատված լիներ հին գրքերում, սովորեցված որպես սրբազան ճշմարտություն ամեն կիրակի, մտցված երեխաների մտքերի մեջ դպրոցում, արդեն դրան չհավատալը կդառնար էքսցենտրիզմի նշան ու կասկածողը կդատապարտվեր հոգեբույժի ուշադրությանը մեր լուսավորյալ դարում, իսկ ավելի վաղ ժամանակներում՝ ինկվիզիտորի ուշադրությանը:
Ռասսելն այս դրույթը բերել էր կրոնական կոնտեքստում, բայց Ռասսելի թեյամաններն ամենուր են, որտեղ հնչում է «իսկ կարո՞ղ եք ապացուցել, որ այդպես չի» հիմնավորումը:
Առողջապահության ոլորտը Հայաստանում խիստ խոցելի է, ու դրանում մեղավոր են մի շարք գործոններ.
  • 2016 թ. պաշտոնական տվյալներով Հայաստանի բնակչության 29.8 տոկոսն աղքատ է՝ ամսեկան 41 հազար 698 դրամից ցածր եկամուտով: Համաշխարհային բանկի տվյալներն ավելի մանրամասն ու պակաս մխիթարիչ են: Արդյունքում, մարդկանց ֆինանսական դրությունն իրենց ոչ միշտ է թույլ տալիս օգտվել բժշկական ծառայություններից: Մարդիկ փնտրում են այլընտրանք, ցանկալի է՝ անվճար:
  • Կոռուպցիան առողջապահության ոլորտում ստեղծել է անվստահության պատնեշ հիվանդի ու բժշկի միջև: Նույնիսկ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության դեպքում մարդիկ հաճախ ստիպված են բախվել «հավելյալ վճարների» խնդրի հետ: Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության «Կոռուպցիան ու հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում. ընդհանուր իրավիճակի նկարագիր» զեկույցը մեջբերում է 2010 թ. Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների եզրակացությունն, ըստ որի Հայաստանի երեք ամենակոռումպացված ինստիտուտներից մեկն առողջապահությունն էր:
  • Մարդկային առողջությունը տարբեր հասարակական խմբերի միջև քաղաքական դիսկուրսի օբյեկտ է: Առողջության վերաբերյալ բազմաթիվ տեսանկյուններ (նամանավանդ սեռական առողջության ոլորտում) հաճախ պայմանավորված են ոչ թե գիտական, այլ քաղաքական-մշակութային դրույթներով:
  • Այսպես կոչված «այլընտրանքային բժշկությունն» ակտիվորեն քարոզվում է մասնավոր անձանց ու պրեսսայի որոշ ներկայացուցիչների կողմից:
  • Պաշտոնական բժշկությունը ոչ միայն չի պայքարում «այլընտրանքայինի» դեմ, այլ դեմ չի վերցնել նաև այդ ոլորտի հաճախորդների գումարն՝ այն աստիճանի, որ որոշ հիվանդանոցներում գործում է հոմեոպաթիայի բաժին:
  • Այլ գործոններ:
Հայաստանում գործում է լիցենզավորման մասին օրենքը, որի 46-րդ հոդվածը («Առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը») պնդում է՝
  1. Արգելվում է առանց լիցենզիայի զբաղվել սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով:
    Առանց լիցենզիայի սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
  2. Լիցենզավորված անձի կանոնադրությունում կամ պետական գրանցման վկայականում լիցենզավորված գործունեության տեսակի մասին գրառման բացակայությունը չի կարող համարվել լիցենզիայի պահանջների կամ պայմանների խախտում, ինչպես նաեւ չի կարող առաջացնել որեւէ պատասխանատվություն:
Օրենքով սահմանված է, որ լիցենզավորման ենթակա գործունեության թվին են պատկանում, օրինակ, դեղերի արտադրությունը և առևտուրը, դեղաբույսերի առևտուրը, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության եւ սպասարկման իրականացումը:
ՀՀ Քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածը («Մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ ապօրինաբար զբաղվելը, կեղծ դեղեր պատրաստելը կամ իրացնելը») պնդում է.
  1. Առանց գրանցման կամ հատուկ թույլտվության (լիցենզիա) մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ զբաղվելը, եթե դա անզգուշությամբ վնաս է պատճառել մարդու առողջությանը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երեքհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
  2. Կեղծ դեղեր պատրաստելը կամ իրացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
  3. Նույն արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Ի՞նչ է նշանակում՝ գործում են: Գործում են, բայց ինչպես գրեթե ցանկացած նմանատիպ օրենք՝ երբ իրենց գործելը բխում է ՀՀ պաշտոնական քաղաքականությունից, կամ երբ կա հանրային ճնշում իրավապահ մարմինների վրա: Գործում են ոչ թե համակարգային, այլ էպիզոդիկ ձևով: Կարելի է ասել՝ գրեթե չեն գործում: Կան:
Ցավոք, անգամ բարեխիղճ բժիշկները չեն կարող թողնել իրենց հիվանդներին ու հետազոտություններ անց կացնել հասարակության մեջ տարածված կեղծ բժշկակական պրակտիկաների ու մոլորությունների ոլորտներում ու հետո հետո մատչելի տեքստ ներկայացնել հանրությանը:
Այդ բեռն ընկնում է լրագրողների վրա:
Այս բլոգը նպատակ չունի ու չի կարող լուծել Հայաստանի առողջապահության ոլորտի խնդիրները: Բայց ես նախընտրում եմ համարել, որ այն քայլ է ճիշտ ուղղությամբ:
Որոշ օպոնենտներ միգուցե պնդեն, որ այս բլոգի առողջապահությանը նվիրված հոդվածները քաղաքական-հրապարակախոսային աշխատանքներ են, բայց իրականում դրանք քաղաքականությունն առողջապահության ոլորտից հանելու փորձ են:
Հուսով եմ՝ սա կօգնի ձեզ ու ձեր մտերիմներին առողջ մնալ ու խուսափել սխալ որոշումներից:

Բ. Պողոսյան
Երևան, 2017

Հղումներ


  • “The Collected Papers of Bertrand Russell, Vol. 11: Last Philosophical Testament, 1943–68”, pp. 547–548.
  • «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2016», ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն
  • http://povertydata.worldbank.org/poverty/country/ARM
  • «Կոռուպցիան ու հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում. ընդհանուր իրավիճակի նկարագիր», Transparency International
  • Լիցենզավորման մասին ՀՀ օրենքը
  • ՀՀ Քրեական օրենսգիրքը

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։