Օդակերության (բրետարիանիզմի) մասին

Ի՞նչ է օդակերությունը

Օդակերությունը վերջերս նյուէյջերական շրջաններում տարածում գտած համոզմունք է, որ մարդը կարող է շարունակաբար լիարժեք գոյատևել առանց սննդի, որոշ դեպքերում՝ նույնիսկ առանց ջրի: Պետք չի այն շփոթել պասերի կամ ծոմերի հետ: Ըստ օդակերության հետևորդների, մարդը կարող է իր կենսագործունեության համար անհրաժեշտ նյութերը ստանալ արևի լույսից կամ շնչառության միջոցով:
Օդակերությունը բխում է արևելյան տարբեր պրակտիկաների ու հավատալիքային համակարգերի պարզեցված արևմտյան ընկալումից: Ոլորտը բավականին շահութաբեր է, ինչի արդյունքում հայտնվել են բազմաթիվ «գուրուներ», որոնց ոչ կոմպետենտությունը կարող է շատ վտանգավոր, երբեմն նույնիսկ մահացու ելքով հետևանքներ ունենալ միամիտ մարդկանց համար:
Նորից կրկնեմ. այդ «գուրուները» վտանգավոր են, իրենց պատճառով մարդիկ են մահացել:
Որոշ վկայություններ, իհարկե, պնդում են, որ խորը մեդիտացիայի մեջ գտնվող բուդդիստական վանականները երկար ժամանակ գոյատևում են առանց սննդի, ջրի ու շարժվելու: Փոքրացնելով էներգիայի ծախսը, օրգանիզմի էներգիա ստանալու կարիքն էլ է փոքրանում:
Բայց սա բնավ չի նշանակում, որ բուդդիստական վանականները սնունդ են ստանում օդից կամ լույսից:
Բուդդիստական վանականները մեդիտացիա անել սովորում են ամբողջ կյանքի ընթացքում: Չսնվելն իրենց դեպքում բխում է պրակտիկայի բնույթից, ոչ թե առողջապահական նկատառումներից:
Իսկ մենք օրվա մեծ մասն անշարժ մեդիտացիայի մեջ անց կացնող բուդդիստական վանականներ չենք ու, ընդհանուր առմամբ, չենք կարող գիտակցաբար կառավարել մեր նյութափոխանակությունը:

Փոքրիկ նկատողություն սեփական փորձից

Ես՝ 2013 թ. հացադուլի վերջին օրը
Լուսանկարը՝ Թերթ.am-ի
Երկարատև սովը բավականին լուրջ ու վտանգավոր երևույթ է, ինչում ես ինքս համոզվեցի 2013 թ. նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ցույցերի ժամանակ:
6 օր տևած հացադուլից հետո ես կարող եմ ասել, թե ինչ եմ զգացել տևական ժամանակ առանց ուտելիքի մնալուց հետո:
Իհարկե, ես հաշվի էի առել, որ երիկամների ֆունկցիան պահպանելու, ճարպաշերտից առանձնացող ու օրգանիզմ մտնող թույներից ու ջրազրկումից խուսափելու համար պետք է անընդհատ ջուր խմել: Ու բնականաբար գիտակցում էի, որ օրգանիզմս ամբողջ հացադուլի ընթացքում դրսից սնուցում չի ստանալու՝ լինի դա օդից, լույսից, թե ջրից:
Երկու օր առանց սննդի մնալուց հետո սովի զգացողությունը կորեց:  Փոխարենը հայտնվեց մկանային թուլություն, որն օր օրի ավելի էր խորանում: Սրտի աշխատանքն արագանում և ավելի զգալի էր դառնում:
Որպեսզի հասկանաք, թե ինչ է կատարվում մարդու օրգանիզմի հետ տևական սովի ժամանակ, հիշենք, որ այն բավականին զարմանալի ու հետաքրքիր է: Մարդու մարմինն ունի էներգիայի պաշարներ՝ ճարպային շերտի տեսքով: Երբ օրգանիզմը սնունդ չի ստանում, այն սկսում է օգտագործել ճարպային շերտերի պաշարները: Հետո, երբ ճարպային շերտը սպառվում է, օրգանիզմը սկսում է օգտագործել մկանային սպիտակուցը: Հետո՝ ոսկորները:
Մարդու մարմինն ամեն գնով փորձում է կենդանի պահել առաջնային ֆունկցիաները՝ երկրորդայինների հաշվին: Այդ ընթացքում օրգանիզմը գործում է լրացուցիչ ծանրաբեռնվածության ռեժիմում:
Երբ հյուծվածությունը հասնում է կրիտիկական աստիճանի, թերսնված ու հոգնած մարմնի ներքին օրգանները դադարում են աշխատել, ու մարդը մահանում է:
Հացադուլի առաջին օրվանից, ուժերս փորձելու համար, ես Ազատության հրապարակից քայլում էի մինչև Երևանի պետական համալսարան ու վերադառնում: Վեցերորդ օրը ես չկարողացա դա անել առանց կողմնակի օգնության:
Հացադուլը սկսելով 64 կիլոգրամ քաշով՝ հացադուլի ավարտին ես կշռում էի 52 կիլոգրամ:
Մոտ մի շաբաթ անկողնում անց կացնելուց ու վերականգնողական աշխատանքներից հետո ես կարողացա գրեթե ամբողջությամբ վերադարձնել առողջությունս:
Էլլա Ռամոս
23/01/1988 - 13/02/2007
Ուրուգվայցի ֆոտոմոդել Էլլա Ռամոսն բախտն այդքան չբերեց:
Էլլա Ռամոսը ծնվել է 1988 թվականի հունվարի 23-ին: 2007 թ. փետրվարի տասներեքին մահացել է նևրոտիկ անոռեքսիայի հետևանքով:
Նևրոտիկ անոռեքսիան հիվանդություն է, որի ժամանակ մարդն ունենում է նիհարելու հիվանդագին մղում ու սկսում թերսնվել: Անոռեքսիայից մահվան ամենահաճախ հանդիպող պատճառը սրտային կաթվածն է:
Էլլ Ռամոսը նույնպես մահացավ սրտի կաթվածից: 18 տարեկանում:

Ջասմուհին

Ընթերցողը միգուցե արձագանքի, որ իմ բերած օրինակներից մեկը մարմնի առողջացման նպատակ չունի, իսկ մյուսը հիվանդության հետևանք է:
Ուրեմն անդրադառնանք օդակերության գուրուներին ու հետևորդներին:
Ու տեսնենք, թե ինչի է բերում օդակերությունը գործնականում:
Ջասմուհին
Էլեն Գրիվն առավել հայտնի է որպես Ջասմուհին: Նա օդակերության առավել հայտնի գուրուներից է, հաճախ ելույթ է ունենում նյուէյջերական կոնֆերենցիաներին, լեկցիաներ է կարդում օդով սնվելու մասին ու, սեփական պնդմամբ, ամիսներ կարող է յոլա գնալ շատ քիչ  սնունդով կամ ընդհանրապես առանց սնունդի:
Մտնելով նրա կայքը (jasmuheen.com) կարդում ենք.
Հիասքանչ է, որ որոշել եք այցելել մեզ: Եթե ձեզ դուր է գալիս երջանիկ, խաղաղությամբ լի և աշխարհի ամեն կենդանի էակի հետ ներդաշնակության մեջ ապրելը, ուրեմն մեր ալիքները ձեզ համար են, քանի որ դա մեզ մոտ ընդհանուր է: Եվ այդպիսով այս կայքում, տեսանյութերի, հոդվածների, հոդվածների, գրառուներո ու ձայնագրությունների միջոցով, մենք առաջարկում ենք դրան հասնելու մաքուր մեթոդներ՝ կիրառելով պարզ ու զորեղ ձևեր, որոնք հիասքանչ արդյունքներ են տալիս:
Բավականին «խոստումնալից» սկիզբ է: Ինչպես գրեթե բոլոր նման գուրուները, գրությունը թիրախավորում է իրականության հետ կոնֆլիկտ ունեցող մարդկանց ու խոստանում լուծել նրանց գրեթե բոլոր խնդիրները:
Ջասմուհինը պնդում է, որ վերջին 14 տարիների ընթացքում ինքը սննդից օրեկան ստացել է 300 կալորիա:
Սպորտային բժշկության ամերիկյան քոլեջը մեջբերում է Դևիսի Կալիֆորնիայի համալսարանի դոկտոր Լիզ Էփլգեյթի եզրակացությունը մարդու «հանգստի մետաբոլիկ արագության»՝ հանգստի վիճակում միայն օրգանների գործունեության համար ծախսվող կալորիականության մասին:1 Ըստ Էփլգեյթի, այդ կալորիականությունը կարելի է մոտավոր հաշվել հետևյալ կերպ. 20 կալորիա՝ կնոջ մարմնի ամեն կիլոգրամի համար, 22 կալորիա՝ տղամարդու մարմնի ամեն կիլոգրամի համար: Որպես միջին նվազագույն քանակ նշվում է 1800 կալորիան՝ տղամարդկանց համար, 1200 կալորիան՝ կանանց համար:
Ջասմուհինից հարցազրույց վերցնողները տեսան, որ վերջինիս սառնարանը լի է սնունդով: «Գուրուն» պնդեց, որ սառնարանի ուտելիքն իր ամուսնու և երեխաների համար է: Ջեֆ Ֆերգյուսոնը՝ ամուսինը, որի մասին խոսում է Ջասմուհինը, ըստ բրիտանական Guardian և Independent պարբերականների, նախկինում դատական պատասխանատվության է ենթարկվել խաբեության համար:
Նման «գուրուները» գրեթե միշտ պնդում են, որ իրենց գիտելիքները ստացել են հին, հանելուկային քաղաքակրթությունից, հաճախ՝ մերից ավելի զարգացած, արդեն գոյություն չունեցող և անհայտ կորած: Նրանք պնդում են, որ վերակենդանացնում են այդ քաղաքակրթության ավանդույթները:
Ջասմուհինը չխուսափեց նաև այդ կարծրատիպից, ինչը կարող եք տեսնել «The Legend of Atlantis: Return of the Lightmasters» պսևդովավերագրական ֆիլմում:
Բնականաբար, եղան մարդիկ, ովքեր որոշեցին ստուգել Ջասմուհինի պնդումները: Ավստրալիական «60 Minutes» հաղորդումն առաջարկեց տեսախցիկների հսկողության տակ ցուցադրել «գուրուի» առանց սննդի ապրելու ունակությունը:
Ջասմուհինը համաձայնեց:
Ընդամենը 48 ժամ անց վերահսկող բժիշկ Բերես Վենքն Էլենի մոտ նկատեց բարձր ճնշում, սթրես ու սուր ջրազրկման սիմպտոմներ: Էլենը պնդեց, որ անհաջողության պատճառն «աղտոտված օդն» է:
Դրանից հետո Էլենին տեղափոխեցին լեռնային հանգստավայր, որտեղ օդը մաքուր կլիներ: Նկարահանումների չորրորդ օրն Էլենը կորցրել էր վեց կիլոգրամ քաշ: Նրա բիբերը լայնացած էին, սրտի զարկերի արագությունն աճել էր երկու անգամ, խոսքը դանդաղել էր:
Բժիշկը պահանջեց դադարեցնել փորձը՝ հնարավոր մահացու ելքը կանխելու համար: Կողմերը համաձայնեցին բժշկի պահանջի հետ:
Ցավոք, Ջասմուհինի գրքերը, լեկցիաներն ու ֆիլմերը լուրջ ընդունող մարդիկ չէին գտնվում անընդհատ բժշկական վերահսկողության տակ: Մինչև 2012 թվականը գրանցված էր երեք մահ՝ ուղղակիորեն կապված Ջասմուհինի ուսմունքի հետ:
Տիմո Դեգեն, 31 տարեկան, Գերմանիայի Մյունխեն քաղաքի բնակիչ: Մանկապարտեզի դաստիարակ: Ջասմուհինի ինտերնետային կայքերից ծանոթացավ օդակերության ուսմունքի մասին ու սկսեց կիրառել այն պրակտիկայում: Դիետայի 12-րդ օրը նա տեսողության խնդիրներ ուներ: Եվս մի շաբաթ անց՝ կոմա: Հիվանդանոցի մամլո խոսնակը հայտարարեց, որ Դեգենի մոտ «արյունատար համակարգի գրեթե լիարժեք կոլլապս» է՝ համեմատելով վերջինիս վիճակը համակենտրոնացման ճամբարների զոհերի հետ: Չորս շաբաթ տևած ներերակային կաթիլներ ստանալուց հետո Դեգենը սկսեց վերականգնվել, բայց ընկավ ու մահացավ գլխի տրավմայից:
Վերիտի Լինն, 49 տարեկան: Մահվան վայրը՝ Լոխ Կամ, Սադերլենդ, որտեղ ապրում էր իր առանձնացված վրանով՝ «բնության հետ ներդաշնակության մեջ»: Նրա կիսամերկ դիակը 1999 թ. սեպտեմբերին հայտնաբերեց մոտակայքով անցնող ձկնորսը: Երբ Ջասմուհինն իմացավ Վերիտիի մահվան մասին, պատասխանեց, որ վերջինս «հոգևոր մարտիկ էր, ում գործն ավարտին էր մոտեցել»:
Լանի Մարսիա Ռոսլին Մորրիս, 53 տարեկան, Մելբուռն քաղաքի բնակիչ: Ջասմուհինի հետևորդ: Մահացել է 1999 թվականին: Ջասմուհինի «21-օրյա ծոմի» ծրագրին հետևելու առաջին շաբաթից հետո սուր ջրազրկման պատճառով ինսուլտ է տարել, կաթվածահար է եղել մի կողմից, կորցրել խոսելու ունակությունը, սև «ձյութ հիշեցնող» հեղուկ էր հետ տալիս ու դժվարանում էր շնչել: Նրա «մարզիչները»՝ Պեսնակ ամուսնական զույգը, նրա կոկորդը խողովակ են մտցրել, որ օգնեն շնչել: Ինչպես հետագայում իր ցուցմունքներում հայտնել է «մարզիչ» Ջիմ Վադիմ Պեսնակը, նրա կարծիքով Լանի Մորրիսի մոտ «հոգևոր արգելակում էր», ու նրան ֆիզիկական վտանգ չէր սպառնում: Միայն ժամեր անց Պեսնակները շտապ օգնություն կանչեցին:
Լանի Մորրիսն արդյունքում ընկավ կոմայի մեջ ու մահացավ: Պեսնակներին դատեցին սպանության համար ու մեղավոր ճանաչեցին:
Ջասմուհինը, ինչ եք կարծում, ընդունե՞ց իր պատասխանատվությունը: Ոչ, նա պնդեց, որ մեղավորը մահացածն էր, ու հավանաբար «նրա բրետարիանիզմը չէր բխում ճիշտ մոտիվացիայից»:
2015 թվականին Ջասմուհինի պրակտիկաների արդյունքում մահացածների թիվը հասավ հինգի: «Գուրուն» շարունակեց ժխտել իր պատասխանատվությունը:
Այլ կերպ ասած` Ջասմուհինը պատրաստ է վերցնել ձեր փողը, բայց չի պատրաստվում իր վրա վերցնել պատասխանատվությունը, եթե ձեզ ինչ-որ բան պատահի իր ուսմունքներին հետևելու պատճառով:

Ուայլի Բրուկս

Ուայլի Բրուկսն Բրետարիանիզմի ամերիկյան ինստիտուտի հիմնադիրն է ու պակաս մռայլ դեպք է: 1983 թվականին, երբ բացահայտվեց նրա սերը ֆաստֆուդի նկատմամբ, նա ընդամենը հայտարարեց, որ դիետիկ Կոլան ու ՄակԴոնալդսի չիզբուրգերները հինգերորդ չափողականության սնունդ են ու հատուկ հինգերորդ չափողականության հատկանիշներ ունեն, ինչն օգնում է ուժեղացնել նրա «լուսային մարմինը»:
Սա պարզապես իրականությունից կտրված մարդու զառանցանք չի, այլ հեշտ փողեր աշխատելու եղանակ: Կարծում եք՝ ո՞վ պիտի բռնվի սրա վրա: Եկեք Ավստրալիայից և ԱՄՆ-ից վերադառնանք Հայաստան ու տեսնենք:

Դրա հայկական տեսակը

Հայկական նյուէյջն աչքի է ընկնում իր էկլեկտիզմով, որը ժառանգել է ռուսականից: Այլ կերպ ասած, մեկ նյուէյջերական համոզմունք ունեցող մարդիկ սովորաբար կհետևեն մնացած հարակից ուսմունքներին:
Սրա օրինակ է որպես բժիշկ-սննդաբան ներկայացող Հայկազ Սարգսյանը:
Սարգսյանը քարոզում է ինչպես վեգանություն, հումակերություն, այնպես էլ օդակերություն:
Լրագրող Աննա Զախարյանի «Հայկական Ժամանակում» հրապարակված «Ճիշտ սննդակարգ, բարձր կուլտուրա. Քաղցի զգացումը հիվանդություն է» հոդվածում Հայկազ Սարգսյանը բավականին ծավալուն խոսում է իր գաղափարների մասին:4
Հոդվածում առկա մտքերը տարակուսանք են առաջացնում. Ապուրները հաստ աղիներում ու ամբողջ օրգանիզմում խախտումներ են առաջացնում ու ցամաքեցնում կերակրող մայրերի կաթը: Կրծքի կաթն առաջանում է ճիշտ ընտրված սննդի ու թքի շաղախումից: Սպիտակուցը սինթեզվում է միայն մրգերից, բանջարեղենից, կանաչուց: Մածունը կենդանի մանրէներից է ու օրգանիզմի կողմից ընկալվում է որպես մանրէների հարձակում: Քաղցի զգացողությունը պաթոլոգիա է:
Լրագրողը, ցավոք, անտարբեր է հայտարարությունների գիտական տեսանկյունից որևէ կերպ անհիմն լինելու նկատմամբ: Ինչի արդյունքում Հայկազ Սարգսյանն ու իր նմանները ստանում են հարթակ բավականին հեղինակավոր լրատվամիջոցում:
Քանի որ Սարգսյանը ներկայացված էր որպես կոնկրետ մասնագիտացման բժիշկ (սննդաբան), փորձեցի ճշտել, արդյոք Երևանի պետական բժշկական համալսարանում կա սննդաբանության ֆակուլտետ ու բժիշկ-սննդաբանի մասնագիտություն: ԵՊԲՀ պաշտոնական կայքը նման ֆակուլտետ ու մասնագիտություն չէր նշում:
Քանի որ ՀՀ Լիցենզավորման մասին օրենքի լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում հինգերորդ կետը հետևյալն էր՝ «կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության եւ սպասարկման իրականացում», փորձեցի պարզել, թե ինչպես և ինչ հանգամանքներում է Հայկազ Սարգսյանը ստացել բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա: Դա նույնպես որևէ դրական արդյունք չտվեց:
«Առավոտ» թերթի «Քաղցկեղը հիվանդություն չէ. քաղցկեղի վիրուսը նստում է այնտեղ, որտեղ կան սխալ սննդային կուտակումներ» հոդվածում ներկայացված է Հայկազ Սարգսյանի ելույթը «Նոյան Տապան» մամուլի ակումբում, որտեղ նա քաղցկեղի մասին հակագիտական պնդումներ է կատարում ու խոսում է թթվածնի ավելցուկի թունավոր լինելու մասին (առաջարկելով բարձր ճնշման դեպքում շունչը պահել):
«Առավոտի» լրագրող Անուշ Մաթևոսյանն ու խմբագրակազմը նույնպես անտարբեր են Հայկազ Սարգսյանի հակագիտական, պոտենցիալ վտանգավոր դրույթների նկատմամբ:
Օդակերությունն ու հարակից պսևդոգիտական պրակտիկաները կեղծ բժշկության օրինակ են ու վտանգ են ներկայացնում մարդկանց համար, ովքեր որոշեն այդ եղանակներով հոգալ իրենց առողջական խնդիրները: Բայց դրանք նաև շահութաբեր են «գուրուների» համար:
Արդյոք օդի միջոցով կարելի է սնվել՝ կարող եք հեշտ ստուգել. Բժշկի հետ խորհրդակցելուց ու ձեր առողջական վիճակը գնահատելուց հետո, ընդամենը մեկ օր փորձեք սնունդ ու ջուր չընդունել ու քաշ հավաքել:
Կտեսնեք, որ քաշը չսնվելու դեպքում միայն նվազում է:
Այդ օրվա ընթացքում տարբեր ժամերի փորձեք նաև ֆիզիկական վարժություններ անել՝ ոչ շատ ծանր: Կզգաք, որ այն, ինչ առավոտյան հեշտ էր, երեկոյան արդեն դժվարություն է ներկայացնում:
Առանց ջրի ընդամենը երեք օր անց կացնելը կարող է մահացու լինել:
Իմ խորհուրդն ու բարեմաղթանքն է՝ սնվեք առողջ և համեղ, հաճույք ստանալով ուտելուց: Առողջ եղեք:


Հղումներ

  • American College of Sports Medicine, “Metabolism is Modifiable with the Right Lifestyle Changes”
  • The Guardian, 28 September 1999,  “Let them eat air”
  • Independent, 25 October 1999, “Gaunt and weak, the sham diet guru who refuses to see the light”
  • Sunday Times (London), 26 September 1999, “Alternative living: the foundation where Linn worked Dieting extremes: the book found among Linn's possessions and its author, who claims not to have eaten for years”
  • The Sunday Mail/AAP, 21 November 1999, “Breatharian couple convicted of killing fasting woman”
  • Jasmuheen, Solara, 1998, “The Legend of Atlantis: Return of the Lightmasters”
  • Հայկական Ժամանակ, 02 հունիսի 2014, «Ճիշտ սննդակարգ, բարձր կուլտուրա. Քաղցի զգացումը հիվանդություն է»
  • Առավոտ, 24 դեկտեմբերի 2014, «Քաղցկեղը հիվանդություն չէ. քաղցկեղի վիրուսը նստում է այնտեղ, որտեղ կան սխալ սննդային կուտակումներ»

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։