Տելեգոնիայի մասին

Շամիլ Գարևի հոդվածը

Պսևդոգիտական տեսությունները հայալեզու ինտերնետ մտնում են սովորաբար ռուսալեզու աղբյուրներից, ու երբ տարբեր խմբեր սկսեցին քննարկել տելեգոնիան, ես իմ հետաքննությունը սկսեցի հենց ռուսալեզու ինտերնետից:
Տելեգոնիայի մասին ամենալայն շրջանառություն ստացած ռուսալեզու նյութը, եթե դատենք Google-ի տրամադրած վիճակագրությունից, ոմն Շամիլ Գարեևի The Epoch Times-ում հրապարակված «ГЕНЫ: ЯВЛЕНИЕ ПЕРВОГО САМЦА» հոդվածն է:
Հոդվածը դեռ հասանելի է, ու ամբողջությամբ այստեղ չի մեջբերվի: Կանդրադառնամ միայն հատընտիր կետերի: Ավելացնեմ նաև, որ Շամիլի հոդվածը բավականին լավ մեկնաբանված է livejournals-ի օգտատեր elusaveng-ի բլոգում (նույնպես ռուսերեն), որտեղից կփոխառեմ որոշ դրույթներ:
Վերևում պատկերված դիագրամը Շամիլի հոդվածում մակագրված է. «Տելեգոնիայի պատկերավոր օրինակ օրինակ: Նկարը վերցված է sergey-lapshin.livejournal.com կայքից»:
elusaveng-ը նշում է.
(Բլոգը, որտեղից հեղինակը վերցրել է նկարը, իր անուն-ազգանունով ավելի լավ է չմտնել. Վայրենասեր ու ռուսոֆաշիստ Ս. Լապշինը ձեռքի հետ նրա հյուսիսկովկասյան ազգային պատկանելության դեմքը կլղոզի: Բայց Շամիլը չզզվեց, վերցրեց թե՛ նկարը, թե՛ այնտեղ մեջբերված «Քրիստոնեական ռասոլոգիայի ներածություն» գրքի տեքստը, ըստ որի նա չուռկա է ու խաչիկ, ինչպես նաև Ռուսական Համազգային Միության  կայքի հոդվածներ՝ զիգ հայլ նրա բոլոր տեղերը:)
 Եթե այսքանը ձեզ դեռ բավական չի հասկանալու համար, որ հոդվածը ոգեշնչված է ոչ թե գիտական փաստերից, այլ նացիստական հռետորաբանությունից, ես կանցնեմ բուն հոդվածին.
...Մի պահ էլ տեղի ունի, որի վրա, հնարավոր է, նույնպես արժի ոչ պակաս ուշադրություն դարձնել: Դա տելեգոնիան է՝ նախորդ արուի ազդեցության արտահայտումն ամբողջ հաջորդող սերնդի ժառանգական հատկանիշների վրա: Այդ ազդեցությունը կայանում է նախորդ արուի սպերմատոզոիդների գեներով սաղմնային էպիթելի բջիջների վերափոխումը: Երևույթը հատուկ է բոլոր օրգանիզմներին, որոնք բազմանում են սեռական ճանապարհով:
Հեղինակը (որն, ինչպես կերևա հետագա տեքստից, ընդհանրապես պատկերացում չունի ժառանգականության մեխանիզմից) փորձում է «սպերմատոզոիդ», «սաղմնային էպիթել», «գեն» բառերով գիտականակերպ տպավորություն ստեղծել իր հոդվածի համար: Համարձակվեմ նրա «խայծը» կուլ չտալ ու հենց սկզբից էլ մի քանի հարցեր տամ. նախ, ինչպե՞ս է պահպանվում նախորդ արուի սպերման, որտե՞ղ: Եթե ենթադրենք, որ տելեգոնիայի երևույթը գոյություն ունի, ապա պետք է տեղի ունենա արուի սպերմայի կամ գենոֆոնդի պահպանում էգի օրգանիզմում: Որոշ կենդանի արարածների, օրինակ՝ մրջյունների մոտ, էգը կոնսերվացնում է արուի սպերման ու մի քանի սերունդ երեխաներ է ունենում: Մարդկանց և այլ կաթնասունների մոտ սպերմայի կոնսերվացիայի մեխանիզմ չկա ոչ արգանդում, ոչ էլ ձվարաններում կամ մեկ այլ տեղ: Իսկ արգանդի լորձաթաղանթը մենստրուացիաների ժամանակ արտազատվում է... նախորդ ձվաբջիջից և այլ բաներից ազատվելու համար: Այլ կերպ ասած, եթե արուի սպերման, ձվաբջիջը չբեղմնավորելով հանդերձ, մնացել է արգանդի պատերի վրա, ամսականներից հետո այն իսպառ մաքրվում է: Փաստորեն, այս տարբերակը ֆիզիկապես բացառվում է:
Մյուս դեպքը, որ կարելի է դիտարկել, այն է, որ էգը, ընդունելով արուի սպերման, փոխում է սեփական գենոֆոնդը, վերցնելով արուի գեները, ավելի աբսուրդ է: Ավելին, ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ԴՆԹ-թեստի միջոցով ինչպես պարզել ծնողության հարցը, այնպես էլ ցույց տալ, որ նորմալ դեպքերում մարդու գենետիկան կյանքի ընթացքում չի փոխվում (եթե, իհարկե, մուտացիա տեղի չի ունենում): Ցանկացած դեպքում, եթե անհրաժեշտ լիներ այս տեսությունը ստուգել, դժվար չէր լինի գենետիկ անալիզ անել սեքսից առաջ ու սեքսից հետո, ու համոզվել, որ սեքսը չի կարող բերել գենետիկ փոփոխությունների:
Հեղինակը հոդվածում փորձում է միաժամանակ թե՛ իրեն պաշտպանել հոդվածին առավել լավատեղյակ մարդկանց արձագանքից. թե՛ չհերքել հոդվածի պարունակությունը.
Անհրաժեշտ է նշել, որ գիտական շրջաններում տելեգոնիան համարվում է պսևդոգիտական գաղափար, քանի որ չկա երևույթի հնարավոր կամ անհնարին լինելու բավականաչափ պարզ գենետիկ-ֆիզիոլոգիական բացատրություն, ու չի հայտնաբերվել նրա արտահայտման կախվածության ոչ մի վիճակագրական կախվածություն:
Ջնջենք ընդամենը երկու բառ, ու պնդումն ավելի ճշմարտացի կլինի.
...գիտական շրջաններում տելեգոնիան համարվում է պսևդոգիտական գաղափար, քանի որ չկա երևույթի հնարավոր կամ անհնարին լինելու բավականաչափ պարզ գենետիկ-ֆիզիոլոգիական բացատրություն, ու չի հայտնաբերվել նրա արտահայտման ոչ մի վիճակագրական կախվածություն:
Սրան ավելացնենք, որ չի հայտնաբերվել նաև տելեգոնիայի ոչ մի գիտականորեն հաստատված դեպք: Իսկ մարդկանց մոտ տելեգոնիայի գոյությանը հակասող ամենապարզ դրույթները ես ինքս բերեցի վերևում:
Բայց գիտությունների Նյու-Յորքյան ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Բարդիշևը այլ կարծիքի է ու իր քարե տրամաբանությամբ միանգամից երեք պնդում է բերում, որոնք «միանշանակ ու անհերքելի կերպով ապացուցում են» տելեգոնիայի գոյությունը.
«Առաջինը՝ տելեգոնիա իսկապես գոյություն ունի: Երկրորդը՝ այն մարդու մոտ նույնպես կարող է արտահայտվել: Երրորդը՝ այդ երևույթի մեխանիզմները մինչ այժմ ուսումնասիրված չեն»:
Փաստորեն, տելեգոնիան կա, քանի որ ակադեմիկոս Գենադի Բարդիշևն այդպես է ասում, այն կա ձեզ մոտ էլ, իսկ ինչու և ինչպես՝ այդ մասին գիտությունը լռում է: Խիստ ակադեմիկ կարծիք է:
Թե որտեղից են մեջբերված Բարդիշևի խոսքերը, պարզել չստացվեց, հոդվածում էլ նշված չէր, այնպես որ՝ երևի ճիշտ կլինի հոդվածն ընդունել որպես սկզբնաղբյուր:
Գենադի Բարդիշևը հետաքրքիր մարդ է. զառամյալ բնագետ, ով մեկ պնդում է, որ Յուրի Գագարինը դեռ ողջ է, մեկ ժենշենից դեղ է ստեղծում Կիմ Իր Սենի համար, մեկ ամառանոցում բուրգ է կառուցում, որտեղ նստելը ծերանալու պրոցեսը դանդաղեցնում է 15-20 տոկոսով:
Բարդիշևը միգուցե Գիտությունների Նյու-Յորքյան ակադեմիայի անդամ է, բայց գիտնական Լև Կլեյնն այդ ակադեմիայի մասին պատմում է բավականին հետաքրքիր փաստեր. ակադեմիայի անդամ կարող է լինել գրեթե ցանկացած մարդ, միայն թե անդամավճարը տա: Կարդացեք նրա հոդվածը՝ Կլեյնն ընդհանրապես հետաքրքիր է գրում:
Շարունակենք կտոր-կտոր վերլուծել հոդվածը.
Ամեն շների սելեկցիայով զբաղվող գիտի, որ եթե իր ցեղական քածին չհետևի, ու այն առաջին անգամը «ֆռֆռա» փողոցային շան հետ, նրանից էլ ցեղական լակոտներ չի կարելի սպասել:
Եթե մի կողմ թողնենք պնդման կինոլոգիայի տեսանկյունից անգրագետ լինելը, մարդկանց շների հետ համեմատելն ու սելեկցիայի գաղափարը չափազանց շատ են հիշեցնում մի գաղափարախոսություն, որի անունն է եվգենիկա:
Բայց հեղինակը շարունակում է, ու հաջորդ հատվածը երևի հոդվածի անգրագիտության պսակն է.
Ոչ միայն առաջին պտուղն է օժտված առաջին արուի հատկանիշներով, այլ նաև բոլոր հաջորդող սերունդները: Ենթադրվում է, որ ժառանգվում են ոչ միայն առաջին զուգընկերոջ արտաքին հատկանիշները, այլ նաև նրա հիվանդությունները. հոգեկան, վեներական, արյան հիվանդությունները և այլն:
Փաստորեն, առաջին զուգընկերոջից ավելի շատ բան կարող է փոխանցվել երեխաներին, քան իսկական հորից. օրինակ՝ վեներական հիվանդությունները, որոնք ընդհանրապես չեն կարող ժառանգաբար փոխանցվել:
Օտար ԴՆԹ-ի հետ դուք շփվում եք անընդհատ: Սենյակային փոշու զգալի մասը մաշկի մահացած բջիջներ են: Դուք սեղմում եք ուրիշի ձեռքը, համբույրի ժամանակ թուք է փոխանցվում: Արյան փոխներարկումն ու օրգանների տրանսպլանտացիան շատ ավելի ակնհայտ օրինակներ են:
ԴՆԹ-ի վերարտադրման մեխանիզմներն այնպիսին են, որ օտար ԴՆԹ-ն, մտնելով ձեր օրգանիզմ, չի վերարտադրվում: Վիրուսների գործունեության սկզբունքը հենց այդ մեխանիզմները շրջանցելն ու ձեր բջիջներում ձեր ԴՆԹ-ի փոխարեն սեփական գենետիկ կառույցի արտադրությունն է:
Շամիլ Գարեևի հոդվածն օրինակ է մի պրակտիկայի, որն անգլերեն անվանում են fear-mongering՝ վախավաճառություն: Բայց այն հարցին, թե ում և ինչի համար է պետք վախավաճառությունը, մենք կանդրադառնանք հոդվածի երրորդ, եզրափակիչ մասում: Իսկ մինչ այդ՝ տեսնենք, թե ինչ է տելեգոնիան, և ինչի հետ են այն ուտում:

Ինչ է տելեգոնիան, և ինչի հետ են այն ուտում

Լայնորեն տարածված է, թե տելեգոնիայի երևույթն առաջին անգամ նկարագրել է լորդ Ջորջ Մորտոնը: Դա, իհարկե մոլորություն է:
Տելեգոնիայի մասին, իհարկե, ոչ այդ անվան տակ, գրել է դեռ Արիստոտելը, իսկ տերմինը ստեղծել է էվոլյուցիոն տեսության համար ըստ կարևորության Դարվինից հետո երկրորդ գիտնական Ավգուստ Վայսմանը, ով նաև կասկածի տակ տակ է դրել երևույթի գոյությունը:
Եկեք պատկերացնենք անտիկ, միջնադարյան, վերածննդի շրջանի ու նույնիսկ վիկտորիական գիտությունը՝ Հիպոկրատը պնդում էր, որ չորս հեղուկների հավասարակշռությունից է կախված մարդու բնավորությունը (սև ու դեղին մաղձեր, լորձի, արյան՝ մելանխոլիկ, խոլերիկ, ֆլեգմատիկ, սանգվինիկ): Նույնիսկ տասնութերորդ դարում բժշկական շատ մեթոդներ հիմնված էին հումորիզմի (չորս հեղուկների մասին տեսության) վրա՝ օրինակ, տզրուկաբուժությունը: Այս տեսությունը բխում էր իր ժամանակների գիտական մեթոդից ու մարդու մարմինն ու հոգեբանությունն ուսումնասիրելու միջոցների սահմանափակությունից, բայց այն, չնայած իր սկզբունքայնորեն սխալ լինելուն, կեղծիք չէր: 1796-ին գերմանացի բժիշկ Ֆրանց Յոզեֆ Գալը ստեղծել էր ֆրենոլոգիայի տեսությունը, ըստ որի մարդու գանգի ձևը ցույց է տալիս, թե մարդու ուղեղի որ մասեն են առավել զարգացած: Գալը քարտեզագրել էր ուղեղն ու առանձնացրել հատվածներ տարբեր մտավոր ֆունկցիաների համար: Տեսությունն իրականության հետ կապ չուներ, բայց մեծ մասսայականություն էր վայելում 19-րդ դարում:
Մարդիկ հաճախ ընդամենը քարը գցում էին ինչ-որ ուղղությամբ՝ հույս ունենալով ինչ-որ բանի կպնել:
Շամիլ Գարեևի պնդումը շների սելեկցիայով զբաղվող մարդկանց մասին ընդամենը կրճատ գրագողություն է Նյու Յորքի գլխավոր վիրաբույժ Օստին Ֆլինտի «Մարդկային ֆիզիոլոգիայի դասագիրք» աշխատության չորրորդ հրատարակչությունից ու ոչ թե ժամանակակից, այլ 19-րդ դարի վերջի միտք է:
Լորդ Մորտոնի փորձը նկարագրել է բժիշկ Էդվարդ Հոումը. Մորտոնը փորձում է խաչասերել աֆրիկյան կվագան շագանակագույն էգ ձիու հետ, ինչից ժառանգ չի ձնվում: Նույն էգին սև արաբական որձի հետ խաչասերելուց ծնվում է ձագ, որի վրա, ինչպես կվագայի վրա, շերտեր կան:
Հոդվածը չափազանց մակերեսային է անդրադառնում ժառանգականության մեխանիզմին:
Ես կփորձեմ այն ավելի լիարժեք ներկայացնել: Մարդն ունի 46 քրոմոսոմ (դիպլոիդ հավաքածու), որոնց մեջ կոդավորված է նրա գենետիկ ինֆորմացիան: Դրանցից 44-ն այսպես կոչված ավտոսոմներ են, վերջին 2-ը սեռական քրոմոսոմային զույգն են, որի միջոցով որոշվում է մարդու սեռը: Այսինքն, եթե նույնիսկ մարդը վիրահատություն է իրականացրել ու փոխել իր սեռը, ապա նրա նախնական սեռը դեռ կարելի է որոշել ԴՆԹ-թեստի միջոցով:
Կաթնասունների դեպքում ձվաբջիջը պարունակում է ավտոսոմների միայն կես կոմպլեկտ՝ 22 քրոմոսոմ (հապլոիդ հավաքածու), ինչպես և սպերմատոզոիդը: Բեղմնավորումից հետո առաջանում է քրոմոսոմների լիարժեք կոմպլեկտով զիգոտ, որից էլ ձևավորվում է սաղմը: Այդ նոր դիպլոիդ հավաքածուն ստանալու է նոր օրգանիզմի ամեն բջիջը:
Բայց ամեն ինչ այդքան պարզ չի, ինչքան թվում է: Օրինակ՝ ունի դոմինանտ (արտահայտվող) ու ռեցեսիվ (ճնշված) գեներ: Այդ ռեցեսիվ գեները հաջորդ սերունդներում կարող են դոմինանտ դառնալ: Հոդվածի ոչ թեման, ոչ էլ ֆորմատը թույլ չեն տալիս չափազանց մանրամասն անդրադառնալ գենետիկ դոմինացիային, բայց կարող եմ բերել իմ օրինակը՝ ծնողներս ունեն B(III) Rh+ խմբի արյուն, բայց երկուսն էլ ունեն ռեցեսիվ B(III) Rh- խմբի գեն, ինչը երեք երեխաներից միայն ինձ մոտ է դարձել դոմինանտ, ու դրա արդյունքում ես ունեմ B(III) Rh- խմբի արյուն:
Իմանալով այսքանը կաթնասունների, մասնավորապես՝ մարդկանց բազմացման ու գենետիկայի մասին, շատ հեշտ է գիտակցել, որ տելեգոնիան ընդամենը սնահավատություն է: Բայց մարդիկ հաճախ հակված են ընտրել ոչ թե այն տեսությունը, որն առավել հիմնավորված է, այլ այն, որը նրանց մոտ առավել ուժեղ էմոցիոնալ ռեզոնանս կառաջացնի: Ինչից էլ օգտվում են վախավաճառները:
Ես բնավ չեմ փորձում պնդել, թե տելեգոնիայի տեսությունը բոլոր տարածողները վախավաճառներ են: Բնավ ոչ: Ավելին, այդ մարդկանց մեծ մասն ընդամենը տեսությանը հավատացող, դրանից ինչ-ինչ պատճառներով վախեցող ու շրջակա մարդկանց պաշտպանել փորձող անձինք են: Ինչն, իհարկե, նրանց չի արդարացնում, քանի որ տելեգոնիայի երևույթը ժխտող ինֆորմացիան ազատորեն հասանելի է:

Ու՞մ է պետք տելեգոնիան

Նացիոնալիզմի ու նացիզմի հակված խմբերին: Էթնիկ այլ խմբերի հետ սեռական կամ ամուսնական կապն ագրեսիա է ստեղծում «ռասայական մաքրության» ու «գենի պահպանման» կողմնակիցների մոտ: Վերջերս էր հենց, երբ հրապարակվել էր հայ աղջկա, իր սևամորթ ամուսնու ու իրենց երեխայի լուսանկարը, որը բավականին բուռն արձագանքների էր արժանացել՝ զգալի չափով բացասական:
Այլազգու հետ սեռական հարաբերություններից հետ պահելու համար օգտագործվում են տարբեր մեխանիզմներ՝ «մի՛ ամուսնացիր օտարի հետ, որ Մասիսը հայերեն խոսի»-ից մինչև հենց վերոհիշյալ վախավաճառությունը՝ եթե սեռական կապ ունենա այլազգի մարդու հետ, ապա միգուցե իր բոլոր հետագա երեխաներն այլազգի լինեն: Շամիլ Գարեևի հոդվածն աճպարարություն է անում «նախորդ արու» և «առաջին արու» գաղափարների միջև՝ դրանք մեկը մյուսով փոխարինելով ու ոչ մի կերպ չբացատրելով, թե ինչու:
Բաց-շիկահեր ծնողների մոտ ծնվել է ասիացու ակնհայտ գծերով առաջնեկ:
Եթե որձ աղավնին մաքրացեղ էգ է «տրորել», էգին միանգամից սպանում են: Քանի որ հետագայում նույնիսկ ամենաէլիտար «ամուսնության» դեպքում նա միայն անմաքուր ձագեր կունենա:
Այս մեջբերումներում շատ հետաքրքիր է, թե ինչպես է հեղինակն անուղղակիորեն պրոյեկտում կենդանիների «մաքրացեղությունը» մարդկանց (բաց շիկահեր – ասիացի) վրա:
Սեռականությունը ճնշող և մոնոգամիա պահանջող գաղափարախոսություններին: Օրինակ՝ թեոսոֆներին և այլ նման կրոնական ուղղություններին:
Նման խմբերն ունեն սեռական էթիկայի մասին իրենց պատկերացումները՝ սեռականությունը դիտարկվում է, ընդհանուր դեպքում, որ որպես բացասական երևույթ, որը պետք է ճնշել, կառավարել:
Տելեգոնիայի մասին ես առաջին անգամ լսեցի թեոսոֆից, ինչից հետո փորձի համար մի քանի ուրիշ թեոսոֆների ներկայացրեցի այդ գաղափարը: Որպես մարդիկ, ովքեր խիստ կարիք ունեն, որ իրենց հավատալիքները հիմնավորվեն, թեոսոֆները խանդավառությամբ ընդունեցին տելեգոնիան:
Քրիստոնեական եկեղեցուն: Քրիստոնեությունն, ընդհանուր դեպքում, հակադրվել է արտամուսնական կապերին, պահանջել է կուսություն ամուսնանալու պահին, դեմ է եղել կոնտրացեպցիային: Իհարկե, տարբեր ճյուղեր տարբեր կերպ ու չափով են անդրադարձել խնդրին:

Դրա հայկական տեսակը

Հայալեզու ինտերնետում տելեգոնիայի վերաբերյալ դիսկուրսն այսօր այնքան մտահոգիչ չի, որքան էր մի քանի տարի առաջ: Հեղինակավոր Med-Practic.com բժշկական կայքը հեռացրել է իր մոտ տեղադրված «Տելեգոնիա կամ բնությունը նույնպես երբեմն կատակում է» հոդվածը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնական պարտեզ-դպրոցի էջի «Ավանդական բարոյականության գաղտնիքները. գիտությունը հիմնավորում է “կարմիր խնձորի” ադաթը» հոդվածը, հեղինակ՝ Հայկազ Մարգարյան, նույնպես այլևս հասանելի չի: Հայաստանի սեքսոլոգների ասոցիացիայի կայքն այս տեքստը գրելիս անհասանելի էր, ու ես չկարողացա ստուգել, արդյոք «Տելեգոնիա. առաջին տղամարդու էֆեկտ» հոդվածը դեռ այնտեղ է:
Weekends.am կայքն այլևս չկա, բայց իր հրապարակած «Տելեգոնիա կամ ինչու՞ կույս մնալ» հոդվածը շարունակում է շրջանառել պահպանողական մամուլով:
Հոդվածի անգամ առաջին նախադասությունը տարակուսանք է առաջացնում.
Թերևս կուսությունը պահպանելու թեման արծածվել է բազմիցս։ Գոյություն ունի նույնիսկ գիտություն, որը զբաղվում է այդ խնդիրների ուսումնասիրությամբ։
Գիտություն, որը զբաղվում է կուսությունը պահպանելու խնդիրների ուսումնասիրությամբ: Կուսաբանությու՞ն: Հիմենոլո՞գիա: Ինչպե՞ս է կոչվում այդ գիտությունը:
Ու հոդվածն աստիճանաբար անցնում է դասական վախավաճառության.
Ասենք, երբ հարազատ որդիդ ծնվի սևամորթ, կարո՞ղ ես արդյոք "համոզել" ամուսնուդ, որ տարիներ առաջ օտարերկրացի զբոսաշրջիկի հետ անցկացրած "բուռն գիշերվա արգասիք" է դա...
Բլոգեր Տիգրան Հախունցի «Տելեգոնիա. Ավանդապաշտության գիտական հենքը» հոդվածը նույնպես հետաքրքիր օրինակ է: Encyclopedia Britannica-ում որպես սնահավատություն ներկայացված տեսությունը ներկայացվում է որպես գաղափարախոսության գիտական հենք: Իսկ հոդվածն ինքը հետ չի մնում.
Հնուց ի վեր Հայաստանում առողջ գենոֆոնդը պահպանվում էր ի շնորհիվ մեր պապերի,որոնք գիտակցում էին,որ առողջ գենոֆոնդ ստեղծելու կարևորագույն նախապայմաններից է հարսի կուսական մաքրությունը:
Հախունցը, ցավոք, շատ սխալ է հասկանում գենոֆոնդ, առողջ գենոֆոնդ, հայ նախաքրիստոնեական մշակույթ հասկացությունները: Պնդումը, չհիմնավորվելով ոչ մի կերպ, չի հասնում նույնիսկ սովորական եվգենիկայի մակարդակի, որին ձգտում է:
Մի քանի բառ եվգենիկայի մասին: Եվգենիկան նացիստական գերմանիայում տարածված տեսություն էր, ըստ որի մարդկանց մաքուր գենոֆոնդ ստանալու համար պետք է իրականացնել սելեկցիա ու խաչասերում, ինչպես ընտանի կենդանիների դեպքում: Եթե դուք հիվանդ եք, ունեք բնածին արատ կամ պարզապես մազերի/աչքերի սխալ գույն, ապա չպետք է սերունդ տաք: Փափուկ դեպքում: Առավել կոշտ դեպքում, դուք պետք է ոչնչացվեք:
Եվգենիկան նացիստական Գերմանիայի ամենանողկալի դոկտրինաներից էր:
Հախունցի հոդվածը գիտականորեն հիմնավորված չի, իսկ հայրենասիրական պաթոսը հանած՝ դառնում է բավականին տգեղ ու վիրավորական: Ցավոք, այն ընդամենը կաթիլ է տգիտության ծովի մեջ:
Ինչևէ, զարմանալի կլիներ, եթե Հախունցը չհայտնաբերեր, որ տեսության դեմ դավադրություններ են նյութվել.
Բայց քանի որ Տելեգոնիայի հայտնագործումը ի հայտ բերեց շատ բարձրաստիճան այրերի իրական ասիական ծագումը,ապա այն շուտով թաքցվեց մարդկանցից:
Նման տեսությունները հիշեցնում են վեներական հիվանդություններ. իրենք գրեթե միշտ ոչ թե մենակ են, այլ «փնջով»:
«Cogito Ergo Sum» բլոգում պահպանվել է «Անկախ»-ի էջերից արդեն հեռացված «Սեքսուալ հեղափոխության ականները» հոդվածը, հեղինակ՝ Հակոբ Վարդանյան:
Սյուժեն նույն վախավաճառությունն է՝ դավադրություն, պսևդովիճակագրություն, պսևդոգիտական հիմք, սեփական գաղափարները որպես բնության օրենք ներկայացնել:
«Լույս աշխարհ» կայքի «Ավանդական բարոյականության գաղտնիքները...» հոդվածն ավելի շատ Շամիլ Գարեևի տեքստի կրճատ վերապատմումն է՝ ուլտրանացիոնալիստական պաթոսով համեմված:
Ինչ արած: Նման տեքստեր միշտ եղել են, ու երևի միշտ էլ կլինեն: Վախավաճառությամբ զբաղվողները միշտ էլ նոր զոհեր կգտնեն իրենց համար:
Միայն երբ մարդիկ սկսեն ստուգել իրենց հասցվող տեղեկատվությունը, եզրահանգումներն ու փաստերը տարբերեն իրարից, նման սնահավատությունները կդադարեն ազդել հասարակական կարծիքի վրա:
Ողջ եղեք:


Հղումներ

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։